Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եթե վերադառնար Հուլիոս Կեսարը

Եթե վերադառնար Հուլիոս Կեսարը
21.07.2017 | 00:46

Մ.թ.ա. 100 թվականի հուլիսի 21-ին (տարբեր աղբյուրներ նշում են և 12-ը, և 13-ը) բարձրատոհմիկ ու աղքատացած պատրիկի ընտանիքում ծնված հռոմեացին արդեն երրորդ հազարամյակն է՝ ամենահայտնի ու ամենահակասական իտալացին է: Պարզապես՝ Գայոս Հուլիոս Կեսար: Պատմությունը, որ նա սրով ու օրենքներով հաստատեց, ժամանակների մեջ պահեց նրա անունը ու նրան ժամանակակից պահեց: «Veni, vidi, vici» և «Et tu, Brute»՝ սկսեց ու ավարտեց այդպես: Սա՝ օրվա պատմական դեմքը:

Իսկ առօրեակա՞նը:
Երկուշաբթի օրը բարձր տրամադրությամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ պաշտոնական այցի: Սովորական այց էր լինելու՝ արարողակարգային հանդիպումներով՝ խորհրդարանի երկու պալատներ, պատրիարք, հայ համայնք, պաշտոնական ընթրիքներով ու գրավոր բաժակաճառերով: Համարյա այդպես էլ եղավ, բայց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մշտական իդիլիան փչացրեց ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Խորին շնորհակալություն նրան՝ եթե պարբերաբար որևէ ռուս պաշտոնյա ոտնձգություն չանի մեր ազգային արժեքների ու նույնականության հանդեպ, մենք լիովին կարող ենք ընդարմանալ ու կորցնել զգոնությունը: Հայ վարորդների վարորդական իրավունքի հարցը Արա Բաբլոյանը չբարձրացներ էլ, Վյաչեսլավ Վոլոդինը գտնելու էր պատրվակ՝ հնչեցնելու իր պահանջը, և ռուսական լրատվամիջոցները տիրաժավորելու էին Պետդումայի նախագահի խոսքերը՝ առանց հայկական կողմի պատասխանի, որը նրանց չի հետաքրքրում: Որքանո՞վ է իրավական ՌԴ-ում 2017-ի հունիսի 1-ից գործող օրենքը, որ օտարերկրյա քաղաքացիներին արգելում է աշխատել ազգային վարորդական իրավունքով:


1949-ին Ժնևում ստորագրվեց կոնվենցիա, որը ստորագրած երկրներում գործում է ոչ թե ազգային վարորդական իրավունքը, այլ միջազգայինը: 1968-ին ընդունվեց Վիեննայի կոնվենցիան, որին միացան և Ռուսաստանը, և Հայաստանը: Վիեննայի կոնվենցիայով՝ յուրաքանչյուր պետության ազգային վարորդական իրավունք գործում է կոնվենցիային միացած պետություններում: ՈՒրեմն ի՞նչ ազգային վարորդական իրավունքի գերակայություն ՌԴ-ում: Դա տուրք չէ՞ բյուրոկրատիային, որի դեմ իր ասուլիսներում և ուղիղ եթերներում խոսում է ՌԴ նախագահը ու պահանջում վերացնել: Ոչ: Ազգային բյուրոկրատիա չէ, քաղաքականություն է՝ հուլիսի 14-ին Պետդուման ընդունեց օրենք, որով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ այն երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ, այսինքն՝ բելառուսները, ղազախները, ղրղզները կարող են վարորդ լինել, հայերն ու տաջիկները՝ ոչ: Համարենք, որ Ռուսաստանն ինքնիշխան երկիր է, ազատ իր տարածքում սահմանել ու բեկանել օրենքներ: Բայց բացի ինքնիշխան երկիր լինելուց՝ ՌԴ-ն ԵԱՏՄ հիմնադիր անդամ է, որտեղ գործում են մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքները: Ի՞նչ ազատ տեղաշարժ, եթե միասնական տարածքում քաղաքացուն զրկում են աշխատանքի իրավունքից: Երկու օր առաջ ԵԱՏՄ-ն ՌԴ-ին առաջարկեց օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման աղմկահարույց օրենքը չտարածել դաշինքի երկրների վրա: ԵԱՏՀ խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատովը ՌԴ Պետդումային հիշեցրեց պայմանավորվածությունը, որ օտարերկրացի վարորդների հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով, որը չպետք է հակասի ԵԱՏՄ և ընդհանուր աշխատանքի շուկայի սկզբունքներին: ԵԱՏՄ-ն ՌԴ-ին առաջարկեց փոփոխություններ կատարել գործող օրենքում՝ բացառելով արգելքի կիրառումը միության անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար: Կընդունի՞ Մոսկվան ԵԱՏՄ առաջարկը, թե՞ ոչ: Տարօրինակ է, չէ՞, հնչում, համարյա թե ինքդ քեզ առաջարկ ես անում ու որոշում ես ընդունել, թե չընդունել:

Վարորդները պատրվակ են, ի վերջո՝ Պետդուման դեռ օրենք չի ընդունել, որով այլազգի վարորդներին արգելում է քննություն հանձնել ու ստանալ վարորդական ռուսական իրավունք: Ճիշտ է՝ կան անմահ բյուրոկրատները, որ ամեն ինչ կանեն այդ իրավունքը չտալու համար: Հարցը ոչ վարորդներին ու նրանց աշխատանքի հնարավորությանն է վերաբերում, ոչ էլ նպատակ ունի աշխատանքով ապահովել ռուս վարորդներին, կամ բելառուս, ղազախ ու ղրղզ: Չինաստանում ևս ռուսերենը երկրորդ պետական լեզու չէ, Պեկինը անհասկանալի լեզուն հայտարարելու է երկրորդ պետակա՞ն: Իհարկե, ոչ: Բոլորովին վերջերս էլ կրթության ՌԴ նախարարն էր հայտարարել, որ ԱՊՀ տարածքում պետք է կիրիլիցայի անցնել: Մինչդեռ, օրինակ, Ղազախստանը կիրիլիցայից լատինատառ գրության անցնելու տասնամյա ծրագիր է սկսել: Աստանայի նպատակը գլոբալ ինտեգրումն է ու թուրքալեզու աշխարհի ընդհանրական գրությանը համապատասխանեցումը: Ինչո՞ւ Ռուսաստանը չի առարկում Ղազախստանի լատինատառ գրությանն անցնելուն, բայց առաջարկում է, որ հազարամյակների դպրություն ունեցող Հայաստանն անցնի կիրիլիցայի: Թվում էր՝ կրթության նախարարի հարուցած սկանդալը մարում է, բայց Վյաչեսլավ Վոլոդինի պահանջը նաև այդ սկանդալին կենդանություն տվեց: Հարցը քաղաքական է, քաղաքական շանտաժ, որ ոչ մի կապ չունի վարորդական վկայականի հետ՝ այսօր վարորդներն են, վաղը հետիոտները կլինեն: Դարասկզբից Ռուսաստանը փորձում է Հայաստանին պարտադրել երկրորդ պետական լեզու:
2001-ին Երևանում, Ազգային ժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ նույն հարցը բարձրացրեց՝ ստանալով ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պատասխանը՝ համարյա նույն բովանդակությամբ, ինչ Արմեն Աշոտյանն է Վյաչեսլավ Վոլոդինին ասել՝ ռուսերենի դասավանդման մակարդակի բարելավման, հումանիտար ոլորտի փոխհարաբերությունների ինտենսիվ մակարդակի մասին և այլն, և այլն՝ նշելով, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում:
«Ռուսական աշխարհը» ռուսների համար աշխարհի այն բոլոր տարածքները չեն, որտեղ գոնե մեկ ռուս է ապրում, այլ այն տարածքները, որտեղ Ռուսաստանը տեսնում է իր շահը: Որտե՞ղ Մոսկվան իր շահը չի տեսնում: Իսկ ընդհանրապես՝ քաղաքականության մեջ ընդունված է ասիմետրիկ պատասխանի մոդելը:


Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինության նորանոր խմբաքանակներ է մատակարարում, պարզ է, որ Հայաստանում նորից է բարձրանալու դժգոհության ալիքը: Ալիքը ծածկում են ալիքով: Սկանդալը՝ սկանդալի դեմ, ինչպես՝ սեպը սեպի: Երբ նման առաջարկություն էր արվում, հայկական պատվիրակությունը պետք է դադարեցներ հանդիպումները ու վերադառնար Երևան, ոչ թե շարունակեր «գործընկերային քննարկումները»: Սկանդալ՝ սկանդալի դեմ: Դա կանխարգելիչ գործոն կդառնար հետագա նման «առաջարկների» համար: Չի եղել ու չի լինի: Բացի բարձրաստիճան պաշտոնյաներից՝ Հայաստանում պաշտոնական ռուսասերներ կան, որ հիմա էլ փորձում են Վոլոդինի դատապաշտպանը դառնալ՝ ասենք՝ Վոլոդինը Բաբլոյանին տվել է անձնական պատասխան, ոչ թե պաշտոնական տեսակետ է հնչեցրել: Իսկ ո՞րն է Հայաստանի պաշտոնական տեսակետը: Կրթության նախարա՞րը կբարձրաձայնի, ԱԳ նախարա՞րը, վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, նախագա՞հը: Քանի դեռ նրանք լռում են, միշտ գտնվելու է մի Վոլոդին, որ ասի՝ սա ի՞նչ ամառ է, Ռուսաստանում ցուրտ է, Հայաստանում տապ, ռուսերենը պետք է պետական լեզու լինի Հայաստանում, որ մենք տաքանանք, իսկ դուք զովանաք: Ինչո՞վ տրամաբանական չէ: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էլ Երևանի տաքսիստներից էր բողոքում, որ անգլերեն գիտեն, ռուսերեն՝ ոչ: Հնդկաստանում անգլերենը պաշտոնական լեզու է, բայց Լոնդոնը Դելիին ոչինչ չի պարտադրել՝ լեզուն առևտրի առարկա չէ, բայց ինքնության հիմք է, որ ամենախոցելին է միջազգային հարաբերություններում: Երբ ուզում են պետության ինքնիշխանությունը նվազեցնել, հարվածում են մշակույթին ու լեզվին:


Հուլիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովն առաջին անգամ նախագահ ընտրեց: Նաև՝ վերջին: 28 ձայնով՝ 33-ից: Բակո Սահակյանը ևս 3 տարի կպաշտոնավարի: Սեպտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը և փաստացի՝ սկսվում է երրորդը: Սահմանադրության փոփոխությունից հետո չի բացառվում, որ 2020-ին ու 2025-ին նա նորից առաջադրվի: Արցախում կատարվեց հակասական ընտրություն: Նախ քննարկվում էր, որ Հայաստանի պես անցնելու են խորհրդարանական կառավարման, հետո կտրուկ անցան նախագահականի: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ներգործությո՞ւն համարել: Ոչ: Պատերազմը՝ պատերազմ, իշխանությունը՝ իշխանություն: Կառավարման արդյունավետությունը բնավ էլ ուժեղ նախագահական ինստիտուտը չի ապահովում: Արցախում վտանգվեց ամենակարևորը՝ իշխանությունը դառնում է անձիշխանություն: Կգտնվեն հմուտ փորձագետներ ու քաղաքագետներ, որ կհայտարարեն՝ մարդը փորձ ունի, լավ աշխատում է, ժողովուրդը նրան ընդունում է, ի՞նչ կարևոր է ժամկետը: Գուցե Ղազախստանի հավերժ նախագահ Նազարբաևի օրինակն էլ բերեն՝ ի՞նչ կլիներ Ղազախստանի վիճակը, եթե Նուրսուլթան Աբիշևիչը չլիներ՝ չէ՞ որ Պուտինն է ասել՝ Նազարբաևը ինքը Ղազախստանն է: Պատմությունը եթե-ներ չի ընդունում, ոչ ոք չի կարող ասել՝ ինչպիսի երկիր կլիներ Ղազախստանը, եթե Նազարբաևը երկու ժամկետ միայն պաշտոնավարեր: Կամ՝ Ռուսաստանը: Կամ՝ Ադրբեջանը: Փոփոխությունների ոսկե օրենքը պատահաբար չի երկու ժամկետ սահմանել: Բակո Սահակյանի երրորդ ժամկետը ժողովրդավարության փորձություն է: Տարածք կորցրած նախագահի վերընտրությունը պատասխանատվություն է ԱԺ պատգամավորների համար՝ ժողովրդի առաջ: Բայց ոչ միայն: Պատերազմող երկրում ցանկացած որոշում անդրադառնում է պատերազմի ընթացքի վրա: Մեկ մարդու իշխանությունը և Արցախի անվտանգությունն ու ռազմաքաղաքական ապագան չեն կարող հավասար նժարների վրա դրվել: Սա նույնիսկ քննարկման թեմա չէ: Իսկ ընդհանրապես՝ Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահ նաև հաստատում է, որ Հայաստանում վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը՝ իշխանությունը չի փոխում դեմքն ու դիրքը՝ հայկական ճանաչված ու չճանաչված պետություններում: Բանակցային գործընթացի զիգզագներն էլ են վկայում: Հայտնի չէ՝ ո՞վ է 2018-ի ապրիլից հետո հայկական կողմից բանակցելու: ՀՀ վարչապե՞տը: Եվ ո՞վ: Հնարավոր կդառնա՞ Ստեփանակերտը բանակցային սեղան վերադարձնել ու Ստեփանակերտը ինքը իր շահերը կներկայացնի ու կպաշտպանի՞: Ի դեպ, համարվում էր, որ Ադրբեջանն էլ Իլհամ Ալիևն է, բայց Պնախարար Զաքիր Հասանովի վերջին հարցազրույցը վկայեց, որ Ալիևը այլընտրանք ունի ի դեմս Պնախարարի, գուցե և մրցակից: Ինչո՞ւ ոչ: Դեմագոգիա, սոփեստություն, սադրել գիտի, ազգայնական է ու ահաբեկչությունը պետական քաղաքականության հիմքում է դնում, ինչո՞վ է նախագահին զիջում: Ավելին՝ ռազմական արվեստին էլ է տիրապետում, ինչ չգիտի՝ սովորեցնում է ՌԴ Գլխավոր շտաբը՝ տրամադրելով Սիրիայում պատերազմական փորձի տվյալներ, որ նա պատրաստվում է տեղայնացնել լեռնային տարածքում: Զինվորականները կարող են միմյանց հետ փորձ փոխանակել, բայց երբ դա հրապարակվում է, դառնում է տեղեկատվական պատերազմի մաս, իսկ պատերազմում երբ քեզ վրա կրակում են, դու չկրակես, մի օր կկպչի: Ինչքան էլ ասես՝ «Veni, vidi, vici», անգործության դեպքում «Et tu, Brute» ես ասելու, որ Հուլիոս Կեսարը, իրականում չի ասել, դավադրության մասին էլ գիտեր, դավադիրներին էլ, գիտեր ու չէր հավատում: Բրուտոսն էլ նրա որդին չէր, ինչպես նրա որդին չէր Օկտավիանոսը: Նրան պատմիչներն են վերագրել վերջին խոսք, որ նա կռվի մեջ չհասցրեց ասել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ավետիս և բոթ՝ նայած ով ինչ խնդիր էր լուծում՝ Սևանի մակարդակը 7 սանտիմետրով իջել է:

Դիտվել է՝ 5416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ